Հայաստանում 1 աշխատողը 1 ժամում ստեղծում է 5 ԱՄՆ դոլարին համարժեք արդյունք, ինչը 12 անգամ ցածր է զարգացած երկրներից. ՏԶՆ նախարարի պաշտոնակատար
Անցած 6 ամիսների ընթացքում մեր ուշադրության կենտրոնում են եղել բազում հարցեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:
Նա նշեց, որ դրանցից մեկը մրցունակությունն է որպես ուղղություն: «Հայաստանում 1 աշխատողը 1 ժամում ստեղծում է 5 ԱՄՆ դոլարին համարժեք արդյունք: Արևմտյան Եվրոպայի առավել զարգացած տնտեսություններում այդ ցուցանիշը 12 անգամ է բարձր: Ի՞նչ պետք է անել, որ Հայաստանում մասնավոր հատվածը ներկայացնող ձեռնարկություններում արտադրողականությունը բարձրանա»,- նշեց Տ. Խաչատրյանը՝ ասելով, որ արտադրողականության բարձրացման խնդրի լուծման համար պետք է տեխնիկապես ապահովել մասնավոր հատված, զինել այն՝ բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ տեխնոլոգիաների ներկրումը ազատվում է հարկերից: «Մեծ ցանկ կա, հատկապես կապիտալ նշանակության ապրանքների, որոնք սահմանին ներմուծման ժամանակ ազատված են հարկերից: Այս տարի առաջարկել ենք ցանկը լրացնել այն սարքերով, հումքերով, որոնք Հայաստանում չեն արտադրվում, և չկա արտադրելու հնարավորություն: Եթե լինի հնարավորություն հումք կամ սարք ստեղծելու, կամ լինի արտադրող, ներկրվող ապրանքները հարկերից ազատ արձակելով մենք կստեղծենք անհավասար պայմաններ»,- ասաց Տիգրան Խաչատրյանը: