Տնտեսական առումով Հայաստանը հասել էր մի սահմանի, որից այն կողմ չէր կարելի անցնել. Բագրատ Ասատրյան
Տնտեսական առումով Հայաստանը հասել է մի սահմանի, որից այն կողմ չէր կարելի անցնել: Տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների թիկունքում, հեղափոխության տակ կային խորքային երևույթներ, որից առաջինը տնտեսության անմխիթար, սարսափելի վատ վիճակն էր, տնտեսական համակարգը, որը մի խումբ մարդկանց համար էր ծառայում: Այս մասին այսօր «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
«Ես, որպես նախկին ժողովրդագիր, ուզում եմ հիշեցնել, որ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանը լքել է 430 հազար մարդ, այսինքն՝ տնտեսական գործունեության հիմնական նպատակը սա էր: Այս խորհրդաժողովից մեծ ակնկալիք չպետք է ունենալ, բայց այս միջավայրը պետք է պահել, պահպանել, որովհետև եթե լայն խոսենք, մեր տնտեսական քաղաքականությունը վերջին 10-20 տարիների ընթացքում վարվել է ըստ իրադարձության»,-ասաց Բագրատ Ասատրյանը:
Տնտեսագետը նշեց, որ մտահոգվելու առիթ կա և դրանք ունեն ներքին և արտաքին պատճառներ: «Ես զարմանում եմ, որ նույն կառավարության անդամներից որևէ մեկը չասաց, որ արտաքին ֆոնը վատանում է: Օրինակ՝ մեր էքսպորտի առարկան հանդիսացող հիմնական հումքատեսակները պղինձը և ոսկին են. պղնձի միջազգային գներն ընկել են 10-11 տոկոսով, երկրորդ գործոնը՝ ՌԴ-ում տիրող իրավիճակն է, որը կոնկրետ ազդեցություն է թողնում: Ռուսաստանում տնտեսական աճի տեմպի նվազում կա, արդեն կանխատեսումներ կան, որոնք հասնում են 1,6 տոկոսի: Գումարած ՌԴ շուկայի փոփոխությունը, պատկերացրեք այս պայմաններն ինչ ազդեցություն կունենան հայ արտահանողի վրա, տրանսֆերտները օգոստոս- սեպտեմբերի ամիսների 7-8 տոկոսի նվազել են: Ներքին գործոների մասով, ինձ թվում է, մեր ամենամեծ ակնկալիքը պետք է լիներ հետհեղափոխական կայունացումը, որն իմ կարծիքով կա, այստեղ դրական տեղաշարժ էլ կա, վարկավորման աճը, օրինակ, աննախադեպ է, վերջին ինը ամիսների ընթացքում վարկային ներդրումների 10%-ից ավելի աճ ունենք»,-ասաց Ասատրյանը:
Նրա խոսքով՝ ներքին փոփոխություններին շուկան դրական է արձագանքում, որին կառավարությունը պետք է ձգտի որոշակի տեսք ու բովանդակություն տալ,առայժմ դա բանկերի ակտիվությունն է, դրանք են նախաձեռնել: