Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Սկրիպալի գործով կասկածյալ ռուսաստանցիների մասնակցությամբ նոր տեսանյութեր է հրապարակել
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը նոր տեսանյութեր է հրապարակել Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով անուններով հանդես եկող ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ, որոնք կասկածվում են ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման համար:
«Տեսահսկման համակարգի տեսանյութերում կարելի է տեսնել Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով կեղծանուններով հայտնի կասկածյալների ժամանումը Սոլսբերի քաղաք և տեղաշարժը քաղաքի տարբեր հատվածներում»,- ասվում է Սքոթլենդ Յարդի հաղորդագրությունում:
Սեպտեմբերին ՌԴ 2 քաղաքացիները, որոնք, ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի իշխանությունները, ներգրավված են անգլիական Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործում, հարցազրույց են տվել «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, որի ընթացքում նշել են, որ Սոլսբերի են գնացել ընկերների խորհրդով՝ այնտեղի տաճարը տեսնելու համար:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության էին ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: