Ինչպես է Թրամփը կնոջ, երեխաների ու թոռների հետ նշել Գոհաբանության տոնը (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պետական տոն համարվող Գոհաբանության օրը նշել է Ֆլորիդայում գտնվող «Մար ա Լագո» շքեղ առանձնատանը՝ ամպամած Վաշինգտոնից արևոտ Փալմ Բիչ մեկնելով առաջին տիկնոջ՝ Մելանյայի, երեխաների ու թոռների հետ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նախագահական ընտանիքը ճոխ ճաշկերույթ է կազմակերպել առանձնատանը՝ հրավիրելով նաև լրագրողներին: Նախագահն ու Մելանյա Թրամփը ձեռք ձեռքի տված մտել են սենյակ ու ողջունել հավաքվածներին:
Այնուհետև նրանց են միացել զույգի համատեղ որդին՝ 12-ամյա Բերոն Թրամփը, Թրամփի ավագ դուստրը՝ Իվանկան, ու նրա երեք երեխաները, կրտսեր դուստրը՝ Տիֆանին, ինչպես նաև միջնեկ որդին՝ Էրիկը՝ կնոջ ու երեխաների հետ:
Հայտնի է, որ Գոհաբանության օրվա կապակցությամբ նախագահի առանձնատանը մատուցվել են ծովամթերքներ, հնդկահավ, տավարի միս, աղցաններ, կարտոֆիլ, բանջարեղեն ու աղանդեր:
Նախագահը, Գոհաբանության օրվա ավանդույթի համաձայն, շնորհակալություն է հայտնել՝ շնորհակալական խոսքերն ուղղելով ինքն իրեն:
ԱՄՆ-ում ընդունված է Գոհաբանության օրվա կապակցությամբ շնորհակալություն հայտնել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի համար:
«Շնորհակալ եմ ինքս ինձ այն ահռելի փոփոխության համար, որ արել եմ այս երկրում: Ուղղակի չեք հավատա, թե որքան է ուժեղացել երկիրն իմ՝ նախագահ ընտրվելուց հետո: Բայց, կարծում եմ, դուք դա տեսնում եք: Այն այնքան է հզորացել, որ մարդիկ նույնիսկ չեն հավատում դրան»,-ասել է նախագահը:
Նա հավելել է, որ շնորհակալ է հրաշալի ընտանիք ունենալու համար:
Հայտնի է, որ Գոհաբանության օրվա կապակցությամբ նախագահը հանդիպել է ամերիկացի զինծառայողների հետ: