Հայաստանյան ներպետական ատյանները տվյալ գործի համար արդյունավետ չեն. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կդիմի ՄԻԵԴ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
Գանգատի բովանդակության մասին այս փուլում պաշտպան Հայկ Ալումյանը մանրմասաներ չհայտնեց, նա ասաց. «Խնդիրները, որոնք մենք պետք է դնենք Եվրոպական դատարանի առաջ՝ տվյալ գործում ներպետական դատարաններն արդյունավետ պաշտպանության միջոցներ տրամադրել չեն կարող: Դա նշանակում է, որ հայաստանյան ներպետական ատյանները տվյալ գործի համար արդյունավետ չեն, ուստի՝ այս պարագայում դրանց սպառումը Եվրոպական դատարան դիմելու առումով պարտադիր նախապայման չեն»:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամլո խոսնակ Էլեն Առաքելյանը տեղեկացրեց, որ Եվրոպական դատարան դիմելը կապ չունի կալանաքի գործընթացի հետ, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարան բողոքներ են ներկայացված և այն ընդունվել է վարույթ:
Նշենք,որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ է «Մարտի 1-ի» գործով, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալում։
Նրա նկատմամբ ՀՔԾ քննիչը խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։