Թրամփը գովել է հանրապետական կոնգրեսականին՝ լրագրողին գետնին տապալելու «հնարքի» համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Մոնտանա նահանգում իր կողմնակիցների առաջ, գովեստի խոսքեր է շռայլել կոնգրեսական Գրեգ Ջայանֆորտի հասցեին՝ անցյալ տարի The Guardian պարբերականի լրագրողին գետնին տապալելու համար, գրում է lenta.ru-ն:
«Գրեգը շատ խելացի է: Եվ, ի դեպ, երբեք մի փորձեք նրա հետ մարտի բռնվել: Դե դուք հասկացաք, երբե՛ք: Տղան, որ կարող է այդպես գետնին տապալել, իսկական տղամարդ է», - ասել է նախագահը հազարավոր ներկաների ծիծաղի ներքո:
Թրամփը նաև ձեռքերով ցույց է տվել կոնգրեսականի կատարած հնարքը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսին հանրապետական կոնգրեսական Ջայանֆորտը գետնին է տապալել լրագրող Բեն Ջեյքոբսին, դրա հետևանքով կոտրվել էին վերջինիս ակնոցները: Չնայած միջադեպին՝ հաջորդ օրը Ջայանֆորտը նահանգից ներկայացուցիչ է ընտրվել Կոնգրեսում: