Կերչի քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած երիտասարդը հաստատություն է այցելել «Ատելություն» գրությամբ շապիկով
Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած, այնուհետ ինքնասպան եղած Վլադիսլավ Ռոսլյակովը ողբերգության օրն ուսումնական հաստատություն է այցելել «Ատելություն» գրությամբ շապիկով: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել են կատարվածի հետաքննության համար ստեղծված օպերատիվ շտաբից:
«Երբ նրա մարմինը գտան քոլեջի շենքում, նա կրում էր սպիտակ վերնաշապիկ, տաբատ, իսկ շապիկի վրա գրված էր «Ատելություն»»,- հայտնել են շտաբից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովն ինքնաշեն ռումբ է դրել կրթական հաստատության ճաշարանում, իսկ հետո կրակ բացել, այնուհետ ինքնասպան եղել քոլեջի գրադարանում: Ողբերգության հետևանքով մահացել է 21 մարդ: Զոհերի թվում եղել են քոլեջի սաներ ու աշխատակիցներ:
Ռոսլյակովի հայրը քննիչներին ցուցմունք է տվել: Նա խոստովանել է, որ իր համար բարդ է եղել որդու հետ շփվելը: Նա ոչինչ չէր պատմում քոլեջում ուսման մասին: Հայրը պատմել է, որ որդին անգամ ընկերներ չի ունեցել: Անցյալում նա շփվել է մանկության ընկերոջ հետ, որի հետ կապն էլ է կորել: Նա որդուն բնութագրել է դաստիարակված և ոչ ագրեսիվ, սակայն բավականին ինքնամփոփ երիտասարդ: Նա պատմել է, որ իմացել է համակարգչային խաղերով ու զենքով որդու տարված լինելու մասին: