Շատ մեծ, ընդարձակ և մարդասիրական համաներում է. Արտակ Զեյնալյան
ՀՀ-ում այսօր քրեակատորաղական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիր չկա, այս կառավարությունը, արդարադատության նախարարությունը, մենք այս խնդիրն այլևս լուծել ենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը` անդրադառնալով համաներման հարցին:
«Չկա մեկը, որ քնելու տեղ չունի և հերթով են քնում, այսօր քրեակատորաղական հիմնարկներում կալանավորների և դատապարտյալների քանակը հասնում է 2930-2940 այդպիսի ցուցանիշ չի եղել, նրանց թիվը եղել է 3800 և ավելի», - ասաց նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը և նշեց, որ այդ խնդիրը լուծվել է օրինական ձևով:
Արտակ Զեյնալյանն ասաց, որ համաներման նպատակը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը չէ: «Մենք ավելցուկ չունենք դատապարտյալների կամ կալանավորների, սա համաներում է, սա մարդասիրական ակտ է, ակցիա է, որն իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո», - ասաց նա և նշեց, որ կառավարությունը հանրության անունից է այս ժեստն անում:
Ինչ վերաբերում է թվին, ապա Արտակ Զեյնալյանն ասաց, որ թվի վերաբերյալ իրավունք չունի որևէ բան հայտարարել, քանի որ քննարկումը փակ է, բայց նշեց, որ շատ մեծ, ընդարձակ և մարդասիրական համաներում է:
Նա նաև նշեց, որ այս քայլը որևէ առնչություն չունի նախընտրական շրջանի հետ և նախարար նշակվելուց տասն օր հետո նախագիծը պատրաստ է եղել, ամբողջը վերլուծվել, քննարկվել է դրա նպատակահարմարության և իրագործելության տեսանկյունից: