Պոմպեոն կորած լրագրող Խաշուկջիի սպանությունն ապացուցող ձայնագրություն Թուրքիայում չի լսել. ԱՄՆ պետդեպ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիա այցի ժամանակ Սաուդյան Արաբիայի ստամբուլյան հյուպատոսություն մտնելուց հետո կորած սաուդացի լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությունն ապացուցող ձայնագրություն չի լսել: Այդ մասին հայտարարել է Պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթը՝ հերքելով ավելի վաղ տարածված լուրերը:
«Պետքարտուղար Պոմպեոն չի լսել ձայնագրություն և չի տեսել վերծանումը՝ կապված Խաշուկջիի անհետացման հետ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Նոյերթը, գրում է «РИА Новости» գործակալությունը:
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով թուրքական ոստիկանության անանուն պաշտոնյաների, գրել էին, որ սաուդացի ընդդիմադիր լրագրողին հյուպատոսության շենքում կտտանքների են ենթարկել, սպանել ու մասնատել մարմինը: Կա վարկած, որ լրագրողի ձեռքին եղած «խելացի» ժամացույցը ձայնագրել է կտտանքները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ լրագրողն, ամենայն հավանականությամբ, սպանված է: ԱՄՆ առաջնորդը հավելել էր, որ The Washington Post-ի սաուդացի թղթակցի հետ պատահածի համար մեղավորներին սպասվում են «շատ ծանր» հետևանքներ:
Լրագրողների հարցին, թե արդյոք ինքը կզարմանա, եթե սպանությունն ապացուցող ձայնագրություններ ի հայտ գան, Թրամփն ասել էր. «Ոչ: Վստահ չեմ՝ կա՞ն արդյոք նման ձայնագրություններ, թե՞ ոչ: