Ընդունում ենք, որ 4-րդ ուժի խորհրդարանում հայտնվելու նախապայման է 2 տոկոս շեմը հաղթահարելը. Արտակ Զեյնալյանը` «Ծառուկյան» դաշինքի առաջարկի մասին
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Ամփոփելով իր խոսքը՝ նա ասաց, որ պատրաստ են ընդունել դիտողություններ, առաջարկություններ՝ կատարելագործելու օրենսգիրքը:
«Կառավարությունը պատրաստակամ է քննարկել, բաց է, որ այս ընտրական օրենսգիրքը լինի կատարյալ, անթերի»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այս գործընթացի նկատամամբ իրենց գնահատականն այն կանխավարկածի շուրջ է, որ կառավարությունը շահագրգռված է օրենսգիրքը բարելավել: «Այս նպատակի շրջանակներում մենք ընդամենը երեք օր առաջ առաջին փոխվարչապետի մասնակցությամբ ունեցանք քննարկում, որտեղ ամենակարևոր նկատառումներից մեկն այն է, որ եթե պարտադիր է չորս խմբագրության առկայություն խորհրդարանում, ապա գոնե չորրորդ խմբագրությունը պետք է հավաքի առնվազն երկու տոկոս վստահության քվե, նոր իրավունք ունենա մտնել խորհրդարան»,-ասաց նա և նկատեց, որ այդ առաջարկությունն ի սկզբանե ընդունվել է, սակայն հիմա կարծես չի ներառվել:
Նա նաև հարց բարձրացրեց, թե եթե սահմանվում է պարտադիր չորս խմբակցության առկայություն, ապա եթե ենթադրենք՝ տեսականորերն չորրորդ քաղաքական ուժը չի մասնակցում, այդ դեպքում ԱԺ ընտրություններ կայանալու են, թե ոչ:
Արտակ Զեյնալյանը նախ ասաց, որ ընդունել են երկու տոկոս շեմը հաղթահարելու դեպքում չորրորդ խմբակցության անցնելը խորհրդարան, բայց տեխնիկապես չէին կարող ընդունել, քանի որ կառավարությունը այս տարբերակն է հաստատել: «Բայց հիմա ընդունում ենք, որ չորրորդ ուժի խորհրդարանում հայտնվելու նախապայման է երկու տոկոս շեմը հաղթահարելը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է տեղի ունենում, եթե չորրորդ ուժը չի գրանցվում, ապա նախարարն ասաց, որ դրա լուծումը տրված չէ, բայց առկա է տարբերակ, որ նորից է հայտարարվում գրանցում և հիմա կարող են քննարկել, թե ինչ է տեղի ունենում, երբ երեք կուսակցություն է գրանցվում: «Այս պահին գործնական նշանակություն դա այս ընտրություններին չունի, քանի որ տեսանք ավագանու ընտրություններին ինչպեսի ակտիվություն եղավ պայմանավորված իրավիճակով: Կարող ենք քննարկել, թե արդյոք այդ տեսական լուծումը տանք այս փոփոխություներում, եթե գտնենք, որ այն ոչ միայն տեսական, այլ գործնական նշանակություն ունի»,-ասաց նա:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն արձգանքեց, որ հավանականության տեսության սահմաններում քաղաքական ուժերը բոյկոտում են ընտրությունների մասնակցությունը` չեզոքացնելով ընտրական գործընթացը: «Հիմա նույն կերպ կարող եք ասել, որ դա խելագարության կանխավարկածի տեսանկյունից կարող ենք դիտել, բայց եթե ղեկավարվում եք հավանականության տեսությամբ, դա էլ ղեկավարվեք հավանականության տեսանկյունից»,-ասաց նա: