Երևի իրենց անալիտիկան փորձում են ներկայացնել որպես ստույգ տեղեկատվություն, որ ԱԺ ընտրությունների մասով կա որոշում, բայց այն ճիշտ չէ. Ա. Աշոտյան
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խոխնախագահ Արմեն Աշոտյանը հերքում է տեղեկատվությունը, թե ՀՀԿ Գործադիր մարմնի երեկվա նիստում կայացվել է վերջնական որոշում՝ հօգուտ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու:
Tert.am -ի հետ զրույցում Արմեն Աշոտյանն ասաց. «Հասկանում եմ, իհարկե, լրատվամիջոցների ու հասարակության ուշադրությունը ՀՀԿ մասնակցության և ՀՀԿ հնարավոր ցուցակի վերաբերյալ, սակայն մեզ շտապեցնել պետք չէ, որովհետև արտահերթ ընտրությունների անցկացման մասին պաշտոնական որոշում դեռ չկա, որևէ կուսակցություն իր ցուցակը չի հրապարակել և մեր երեկ արված հաղորագրությունը Գործադիր մարմնի երեկվա նիստի մասին այս պահին սպառիչ է: ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում են, որոշ լրատվամիջոցներ գուցե թե իրենց անալիտիկան փորձում են ներկայացնել որպես ստույգ տեղեկատվություն, բայց այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Քննարկումները շարունակվում են, մասնակցության հետ կապված և ձևաչափի հետ կապված՝ նույնպես»:
Հիշեցնենք, որ «Ժամանակ»-ը՝ հղում անելով ստույգ տեղեկություններին, նշել էր, որ ոչ միայն որոշումն է կայացվել, այլև կազմվել 1-ին հնգյակը. Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Արմեն Աշոտյան, Էդուարդ Շարմազանով:
ՀՀԿ խմբակցության բազմաթիվ անդամներ հայտարարել են, որ կուսակցությունում կա այս հարցով 2 մոտեցում, մի մասը կողմ են, մյուս մասը կողմ է, որպեսզի այս ընտրությունները բաց թողնվեն: