Վարչապետի ընտրության համար ԱԺ հատուկ նիստի ժամկետը լրանում է հոկտեմբերի 24-ին
Համաձայն Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ վարչապետի հրաժարականից 7 օր հետո ՀՀ վարչապետի ընտրության համար հրավիրվող հատուկ նիստի ժամկետը լրանում է հոկտեմբերի 24-ին։
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ հանրային կապերի պատասխանատու Կնյազ Սարոյանը:
Սակայն այդ մասին պաշտոնական հայտարարությունը կլինի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության, վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: