Ռուսաստանում մուլտֆիլմ են նկարահանում Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի հիման վրա
Ռուսաստանից անկախ մուլտիպլիկատորների թիմը Indiegogo համացանցային հարթակում ակցիա է սկսել հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի էկրանավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հավաքման նպատակով, գրում է rusarminfo.ru-ն:
Նախագիծն իրենից ներկայացնում է լիամետրաժ մուլտֆիլմ, որը կկրի «Սիրտը իմ» անվանումը:
«Սա ֆիլմ է ներելու իմաստության ու կորուստների ցավի մասին: Հին հայրենիքի, երկնքի անծայրածիր լինելու, թարմ խոտի վրայով մինչև հորիզոն սլանալու երջանկության մասին», - մուլտֆիլմի մասին պատմում են նրա ստեղծողները:
Հայտնի է, որ նախագծի հետ կապված աշխատանքները շարունակվում են արդեն մի քանի տարի: Նյութի մեծ մասն արդեն պատրաստ է: Կոլորիտի պահպանման համար բոլոր խոսակցությունները կլինեն հայերեն: Կադրից դուրս հերոսներից մեկը կպատմի պատմությունը ռուսաց լեզվով:
Թիմի անդամներից են անիմատորներ Վովա Վիշնյակովը, Մաշա Բոնդարը, օպերատոր Պավել Ուխանովը, նկարիչ Ռուսլան Զեմսկովն ու ռեժիսոր Իլյա Յուդովիչը: Հերոսներին պատրաստել է անիմացիոն տիկնիկների մասնագետ Իգոր Խիլովը: