Հայազգի պատմաբանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին օրինակ վերցնել Երրորդ ռայխից
Հայազգի պատմաբան, Ռուսաստանի ռազմապատմական հասարակության խորհրդի անդամ Արմեն Գասպարյանը կոչ է արել երկրի քաղաքացիներին օրինակ վերցնել Երրորդ ռայխից: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այսպես Գասպարյանն իր Twitter-ում մեկնաբանել է համացանցում հայտնված տեղեկությունն այն մասին, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը բոլոր ավտոմեքենաները ռազմական հաշվառման դնելու և պատերազմի դեպքում բանակի կարիքների համար վերցնելու մասին հրաման է մշակում:
«Սա նորմալ պրակտիկա է: Ուսումնասիրե՛ք հարցը Երկրորդ համաշխարհայինի օրինակով: Նույնիսկ ոչ ԽՍՀՄ-ում: Հետաքրքրվե՛ք՝ ինչպես էր Ռայխում», - խորհուրդ է տվել նա:
Նշվում է, որ ավելի ուշ նա հեռացրել է իր գրառումը, սակայն համացանցի օգտատերերը պահպանել են գրառման էկրանապատկերները: