Մեկնարկել է ՔՊ վարչության նիստը. ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է ՔՊ վարչության նիստը, ողջ կազմով: Քիչ առաջ գրասենյակ ժամանեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թեև ըստ տեղեկությունների` օրակարգում ՔՊ-ի կողմից Երևանի ավագանու ընտրություններին թեկնածու առաջադրելու հարցը պետք է լիներ, սակայն ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը Tert.am-ի հետ ճեպազրույցում նշեց, որ դեռևս թեկնածուների ընտրության հարց չկա:
«Դեռ ուղղակի խոսելու ենք առաջադրված թեկնածուների մասին, որովհետև հայտարարվել էր, որ բաց է, թեկնածուները կարող են առաջադրվել և ուղարկել իրենց հայտերը, բայց ընտրության հարցն այսօր չէ»,- ասաց նա:
Զարուհի Բաթոյանը հաստատեց, որ առաջադրված թեկնածուներից է նաև ինքը, ով, ինչպես մյուս թեկնածուները, ինքնաառաջադրվել է:
Զարուհի Բաթոյանը հավելեց նաև, որ Երևանի ավագանու ցուցակը գլխավորող ՔՊ թեկնածուն պետք է որոշվի ՔՊ վարչության քվեարկությամբ:
Նշենք, որ ՔՊ–ի՝ Երևանի քաղաքապետի 4 թեկնածուներն են Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը: