Եվրահանձնաժողովը տուգանել է Asus, Philips, Pioneer և Denon ընկերություններին 111 մլն եվրոյով
Եվրոպական հանձնաժողովը երկուշաբթի տուգանել է էլեկտրոնիկայի չորս արտադրողների՝ Asus-ին, Denon & Marantz-ին, Philips-ին և Pioneer-ին՝ գործընկեր ինտերնետային խանութներում, ԵՄ հակամենաշնորհային օրենսդրության խախտմամբ, նվազագույն մանրածախ գներ ֆիքսելու համար, հայտնում է interfax.ru-ն:
Ինչպես հայտնել են Եվրահանձնաժողովում՝ տուգանքների ընդհանուր գումարը գերազանցել է 111 միլիոն եվրոն:
«Այդ չորս ընկերությունների գործողությունների հետևանքով միլիոնավոր եվրոպացի սպառողներ վճարել են խոհանոցային տեխնիկայի, նոութբուքերի, ականջակալների և շատ այլ ապրանքների համար բարձր գներ, ինչն անօրինական է ԵՄ հակամենաշնորհային կանոնների համաձայն»,- հայտարարել է մրցակցության հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Մարգրետե Վեստագերը:
Հետաքննության արդյունքում Եվրահանձնաժողովը պարզել է, որ եթե ինտերնետային խանութները տեխնիկան վաճառեին ավելի էժան, քան ցանկանում էին արտադրողները, նրանց տուգանքներ էին սպառնում՝ ընդհուպ մինչև մատակարարումների դադարեցում: