Գնացել եմ Սյունիք քարոզարշավի, գալու եք ասեք՝ ինչքա՞ն եմ ծախսել բենզինի վրա. կուսակցությունները քննարկում են ծախսերի վերահսկումը (տեսանյութ)
«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է ընդլայնել նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերը՝ ֆեյսբուքյան գովազդի, վառելիքի, բուկլետների և այլնի համար:
«Սոցիալական ցանցերի ծախսերը չենք կարող վերահսկել, եթե չհաշվենք»,- Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների ընթացքում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ նշելով, որ կարելի է դիմել «Ֆեյսբուք»-ին և ստանալ տվյալներ, թե որքան է ծախսվել քարոզարշավի ընթացքում:
ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էլ նկատեց. «Ֆեյսբուքի ուշք ու միտքը գնում է ձեր տվյալներով»:
ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն էլ հարցրեց՝ ինչպե՞ս է վերահսկվելու գովազդը, եթե դա կատարվելու է «ֆեյքերով»:
«Հիմա եթե առանց իմ իմացության են գովազդ անում, ո՞նց եք հաշվարկելու»,- հարցրեց Սեյրանյանը:
Սերգեյ Բագրատյանն ասաց, որ եթե հիմնադրամի ծախսերը հաշվարկվեն, հաշվարկվի, թե որքան գումար է ծախսվել վճարովի եթերի համար, պարզ կլինի, թե որքան է ծախսվել ֆեյսբուքյան գովազդի համար:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջարկը վտանգավոր է. «Ցանկացած մարդ կարող է գնալ ցանկացած գովազդ պատվիրել՝ այդ թվում ձեր գովազդը, ու ձեր սահմանից կթռցնի դուրս: Վիրտուալ աշխարհում դժվար է սա հետևել»:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ դա նույնն է, ինչ մեկը գա իր անունից համերգ կազմակերպի ու ծախսերը ՀՀԿ-ին վերագրի: Դավիթ Հարությունյանն ասաց, որ սոցիալական ցանցերում դա հնարավոր չէ:
Ինչ վերաբերում է վառելիքին, Հարությունյանն ասաց, որ անվերահսկելի է, հնարավոր չէ վերահսկել՝ բենզին է ծախսվել նախընտրական շրջանում, գազ, որ ուղղությամբ, որքան: «Գնացել եմ քարոզարշավի Սյունիք, գալու եք ասեք՝ ինչքա՞ն եմ ծախսել բենզինի համար: Կարող է Խոսրով Հարությունյանը գնում եք Սյունիք հանգստանար, խնդրել եմ իրեն, որ տանի»: Մի գրեք ծախսեր, որոնք պլյուս մինուս 5 տոկոս են, ծախսերը գրենք, լավ է, որ բոլորն ունենան ազատություն, ոչ թե խոշորացույցով ընկնենք ընտրովի տեսնենք, թե Լենա Նազարյանն ուր ա գնացել, վառելիքի փող որտեղի՞ց»,- նշեց Հարությունյանը:
Բագրատյանն ասաց, որ միլիոնավոր գումարներ ծախսվում են անվերահսկելի:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ պաստառը, բրոշյուրը, նշանը, գրիչները, շարֆերը, որոնք ազդում են ընտրողի վրա, պետք է վեըահսկվեն, բայց բենզինի ծախսը դրանց շարքում չեն: «Ինչ ուզում է անի, թող Մերսեդեսով գնա, ավելի շատ բենզին ծախսի, թող գազով գնա»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանն էն նկատեց, թե գուցե «շուրջերկրյա ճանապարհորդության» բենզին է ծախսվել, ինչո՞ւ չվերահսկել:
«Մի հատ հորով-մորով անենք պաստառները, գրիչները, շարֆերը, համերգը, սրան դեմ չեմ, բայց բենզի՞նը, գրասենյակի սո՞ւրճը»,- հարցրեց ՀՀԿ-ականը: