«Հիտլերի հոգին վերածնվել է որոշ իսրայելցի ղեկավար պաշտոնյաների մեջ»․ Էրդողանն Իսրայելը կրկին ահաբեկչական պետություն է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Իսրայելի խորհրդարանի կողմից ընդունված պետության հրեական բնույթի մասին օրենքը, մեղադրել է Իսրայելի իշխանություններին ռասիստականության համար, գրում է T24 կայքը։
Ըստ Էրդողանի՝ «Հիտլերի հոգին վերածնվել է որոշ իսրայելցի ղեկավար պաշտոնյաների մեջ»։
Թուրքիայի նախագահը նաև պնդել է, թե Իսրայելն այս ամենով չի սահմանափակվի ու «ցավի մեջ կխեղդի ամբողջ տարածաշրջանն ու աշխարհը»։
«Պաղեստինցի ժողովրդի դեմ տանկերով ու գնդացիրներով դուրս եկող Իսրայելը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ահաբեկչական պետություն է։ Սա ապացույց է նրա, որ Իսրայելը սիոնիստական, ֆաշիստական և ռասիստական պետություն է։ Հիտլերի հոգին վերածնվել է որոշ իսրայելցի ղեկավարների մեջ։ Սա մի քայլ է, որը վտանգի մեջ է գցելու բոլոր հրեաներին», - ասել է Էրդողանը։
Ամիսներ առաջ Էրդողանը, մեկնաբանելով Գազայի հատվածում տեղի ունեցած բախումները, Իսրայելն ահաբեկչական պետություն էր անվանել, բացի այդ՝ հետ էր կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։