Նախկին պատգամավոր Հ. Հակոբյանի գազալցակայանի աշխատողը խոստովանել է, որ ավազակային հարձակում է կազմակերպել իր իսկ վրա
Երեկ կեսգիշերին անց՝ ժամը 00.10-ի սահմաններում, ենթադրյալ ավազակային հարձակում է իրականացվել ԱԺ տարբեր գումարումների պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանի վրա, սակայն ժամեր անց կայանի աշխատակիցն ու նրա ընկերը խոստովանել են, որ իրենք են կազմակերպել հարձակումը՝ գումարի կարիք ունենալով:
Այս մասին Tert.am-ին հայտնած պատգամավոր Հակոբ Հակոբյանը մանրամասնեց. «Լիցքավորողի ասելով՝ խփել են իր գլխին, ընկել էր գետնին և իրենից հափշտակել էին գումարն ու իր հեռախոսը: Մենք տեսախցիկներով տեսանք էդ ամբողջը, որ մի հոգի մոտենում է, խփում գլխին, ընկնում է գետնին և հեռախոսը վերցնում, գնում է: Եվ արդեն, երբ իրավապահ մարմինները եկան, ներկայացրեցինք ողջ ձայնագրությունը, և կասկածներ եղան, որ կարող է և ինքը կազմակերպած լինի: Եվ այդ «զապիսները» վերցրին ու լուսադեմին ինքը խոստովանեց, որ իրեն գումար է հարկավոր եղել, պայմանավորվել է ընկերոջ հետ, նա եկել է, խփել է գլխին, ընկել է գետնին, գումարները հավաքել, տարել»:
Տարվել էր 223 հազար դրամ գումար: Ըստ որում՝ խոստովանական ցուցմունք է տվել նաև գազալցակայանի աշխատակցի ընկերը: Ինչ վերաբերում է առաջինին, նա լցակայանում աշխատելիս է եղել մոտ մեկ ամիս:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ մասնավոր գանգատի հարց է (այսինքն՝ բողոք չունենալու դեպքում քրեական գործ չի հարուցվում), հետևաբար, բողոքելու է, ասաց. «Ինձ հետաքրքրում է գումարը, որ յուրացրել են, վերականգնեն, մնացած չի հետաքրքրում»: