Անվերջանալի լավա. Կիլաուեա հրաբխի լավան կարող է դեռևս մի քանի տարի ժայթքել (տեսանյութ)
Աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեան, կարող է դեռևս մի քանի տարի շարունակ ժայթքել, ինչի մասին ահազանգել են ամերիկացի երկրաբանները:
Ինչպես նշում է The Guardian-ը, մասնագետները նախազգուշացրել են, որ լավայի տևական ժայթքումը կարող է վտանգել բազմաթիվ բնակավայրերի գոյությունը:
Հայտնի է, որ մայիսի սկզբին ժայթքած լավան առ այսօր «կուլ է տվել» մոտ 800 շինություն, հազարավոր բնակիչներ տարհանվել են:
«Եթե լավայի ուղղությունը փոխվի, ապա ավերված բնակավայրերի թիվը կավելանա: Եթե լավայի ժայթքման տեմպերը պահպանվեն, ապա այս վիճակը կշարունակվի մի քանի տարի»,-եզրակացրել են երկրաբանները:
Աղբյուրը հավելում է, որ Կիլաուեա հրաբխի ամենաերկար ժայթքումը տեղի է ունեցել 1955թ.: Այն ընդհատումներով տևել է 88 օր: Սակայն մասնագետները չեն բացառում, որ այս ժայթքումը կարող է նոր ռեկորդ սահմանել, քանի որ հրաբխի ներսում ճնշումը շարունակում է բարձր մնալ:
Ներկայում լավան հաղթահարել է 400 մ տարածություն ու թափվում է օվկիանոսը: