«Վերափոխված», բայց, միևնույն է, հայկական մնացած Այնթապը․ թուրքական կայքի անդրադարձը
Թուրքական gazeteduvar.com.tr կայքի թղթակիցներից Հաջը Բիշքինն անդրադարձ է կատարել պատմական Այնթապի՝ հայկական անցյալին։
Այնթապ ուղևորված լրագրողը շրջել է Թուրքիայում հայտնի զբոսաշրջային վայր հանդիսացող Այնթապի հին թաղամասերով, որտեղ անցյալում միասին ապրել են հայեր, թուրքեր, հրեաներ, ասորիներ։ Տեղական հին ոճը պահպանել հաջողած «Բեյ» թաղամասն իր գիշերը վառվող ջահերով, հյուրատների ու սրճարանների վերածված հին հայկական նախշազարդ տներով մշտապես իր կողմ է գրավում բազմաթիվ զբոսաշրջիկների։ 1530-ականներին թաղամասն ունեցել է մոտ 40-50 տուն։
Տեղացիները պատմում են, որ քաղաքը «հայերից հետո նոր վերափոխման» է ենթարկվել։ Այդ «վերափոխման» գլխավոր խորհրդանիշերից է Այնթապի հայտնի Փրկության մզկիթը, որն իրականում վերափոխված հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին է։
Այստեղ կան նաև այլ՝ ավերակ դարձած կամ որպես կրթական-մշակութային օջախների վերածված եկեղեցիներ։
Օրինակ՝ Քենդիրլիի հայկական եկեղեցին ավերվել է հայերի գաղթելուց հետո։ Եկեղեցու արտաքին պատերին մինչ օրս երևում են գնդակոծության հետքեր, որոնք արտացոլում են այդ շրջանի պատմական իրադարձությունները։ Հատկապես ուշադրության է արժանի գնդակի հետքը եկեղեցու գմբեթի խաչի վրա։
«Հայերին պատկանած մշակութային արժեքներն այսօր օտարացած վիճակում են։ Ավելի վաղ մենք խոսեցինք եկեղեցիները մզկիթի վերածելու օրինակների մասին․․․ Ես այս արժեքները տեսնում եմ որպես այս հողերի մի մասնիկ։ Միշտ կարծել եմ, թե դա նորմալ մարդկային մոտեցում է։ Նրանք այստեղ են ծնվել-մեծացել, այստեղ սիրահարվել, այս քաղաքի հետ են միաձուլվել։ Օրինակ՝ որպես Այնթապի խոհանոցի մասնիկ մեզ հայտնի բազմաթիվ ուտեստներ ծանոթ են նաև հայերին։ Ցավոք, ազգայնական մոտեցումն ամեն բան իրար է խառնել։ Եվ մշակույթը նույնպես էապես տուժել է այս ամենից»,- գրել է թուրք լրագրողը։