Բրեդ Փիթն ու Դի Կապրիոն՝ Տարանտինոյի նոր ֆիլմի նկարահանման հրապարակում (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք, որն արվել է հայտնի կինոռեժիսոր Քվենթին Տարանտինոյի նոր ֆիլմի նկարահանման հրապարակում:
«Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի գլխավոր դերակատարներն են հոլիվուդյան գերաստղեր Լեոնարդո դի Կապրիոն ու Բրեդ Փիթը, որոնք կինոնկարի ժամանակագրությանը համապատասխանելու համար հագնվում են 1960-ական թվականների ոճով՝ ռետրո ակնոցներ, լայնեզր տաբատ, դենիմից հագուստ, կաշվե բաճկոն:
Քառասուներեքամյա Դի Կապրիոն մարմնավորում է Ռիք Դալթոնին, իսկ նրա 54-ամյա խաղընկերը՝ Քլիֆ Բութին:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1969թ. Լոս Անջելեսում կատարվող սարսափելի սպանությունների ֆոնին, երբ քաղաքն ահաբեկում էր Չարլզ Մենսոնի «Ընտանիք» աղանդը: Դրանում ներկայացնելու են 20-րդ դարի ամենահայտնի հանցագործներից մեկի՝ Չարլզ Մենսոնի հետևորդների իրականացրած սպանությունները:
Հայտնի է, որ ֆիլմում նկարահանվող աստղային կազմում ընդգրկվել են նաև Մարգո Ռոբբին, Քուրտ Ռասելը, Ալ Պաչինոն, Թիմ Ռոթը և ուրիշներ: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2019թ. օգոստոսի 9-ին՝ Մենսոնի հետևորդների կողմից սպանված դերասանուհի Շերոն Թեյթի մահվան 50-րդ տարելիցի օրը: