ԱՄՆ Կոնգրեսը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 2019 թվականի ռազմական ոլորտի ծախսերի մասին նախագիծը, որում տեղ է գտել նաև Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումը, տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը։
Ըստ կայացված որոշման՝ նախագծի ընդունումից հետո 90 օրվա ընթացքում Պենտագոնը պետք է Կոնգրեսին ներկայացնի թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակի մասին մանրակրկիտ զեկույց, որում պետք է ներկայացված լինի նաև Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման գործարքի՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա թողած ազդեցության ու ԱՄՆ ռազմական արդյունաբերության համար ստեղծած վտանգները։
Մինչ Պենտագոնը կներկայացնի պահանջված զեկույցը կոնգրեսականներին՝ F-35-երի մատակարարման գործընթացը Թուրքիային ժամանակավորապես դադարեցված կլինի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը կոչ է արել Կոնգրեսին չխոչընդոտել Թուրքիային F-35 ամերիկյան կործանիչների տրամադրման գործընթացին։
Ավելի վաղ ԱՄՆ սենատում ընդունվել էր փաստաթուղթ, ըստ որի Թուրքիայի և ՌԴ-ի միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պես խոշոր գործարքի իրականացումը փաստացի հակասում է 2017 թվականին ընդունված Եվրոպայում և Եվրասիայում ռուսական ազդեցությանը հակազդելու մասին օրենքին։