Լեգենդար Պաուլո Մալդինին կարող է դառնալ Միլանի փոխնախագահը
«Միլանի» նախկին պաշտպան Պաուլո Մալդինին կարող է ղեկավար պաշտոն ստանձնել իտալական ակումբում:
«Corriere della Sera»-ն հայտնում է, որ մոտ ժամանակներս 50-ամյա իտալացին կարող է դառնալ «Միլանի» փոխնախագահը:
Մալդինին 1984-ից 2009 թվականներին է հանդես եկել «Միլանում» և եղել է թիմի ավագը:
Բացի դա, «Sky Sport Italia»-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկություններով, այսօր` «Միլանի» նոր նախագահ Պաուլո Սկարոնիի հետ հանդիպումից հետո, մարզական տնօրենի պաշտոնից ազատվել է Մասիմիլիանո Միրաբելին:
48-ամյա մասնագետը 2017 թվականին էր տեղափոխվել իտալական ակումբ Մարկո Ֆասոնեի հետ, ում արդեն պաշտոնանկ են արել: Միրաբելին անցած ամառ ավելի քան 200 մլն եվրո է ծախսել տրանսֆերների վրա, իսկ ակումբը մրցաշրջանի արդյունքում հայտնվել է Եվրոպա լիգայում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» գործադիր տնօրեն Ումբերտո Գանդինին մոտ ժամանակներս կդառնա «Միլանի» գործադիր մենեջերը, որտեղ մինչ այս աշխատել է 23 տարի: «Միլանի» գործադիր տնօրենի պաշտոնը կարող է զբաղեցնել Իվան Գազիդիսը («Արսենալ»), իսկ տեխնիկական տնօրենի պաշտոնը` Լեոնարդոն (նախկինում` ՊՍԺ):
Ակումբն ավելի վաղ պարտքերի պատճառով չինացի Յոնհոնգ Լիի ղեկավարությունից անցել է ամերիկյան Elliot Management ընկերությանը: