Հնդիկ տղամարդն Աստծո փոխարեն երկրպագում է Թրամփին ու մտադիր է նրա համար տաճար կառուցել (տեսանյութ)
Հնդկաստանի Կոն գյուղի բնակիչն արդեն երրորդ տարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այնպես է երկրպագում, ինչպես իր հայրենակիցները երկրպագում են իրենց աստվածներին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Բուսա անունով տղամարդը Թրամփի նկարի առջև աղոթում է օրական երեք անգամ: Բուսայի պնդմամբ՝ վերջին 3 տարվա ընթացքում չի եղել մի դեպք, որ ինքը բաց թողնի աղոթքի ժամը:
Բացի այդ, նա համոզել է իր հարևաններից մի քանիսին ևս խոնարհվել ԱՄՆ նախագահի նկարի առաջ:
Աղբյուրը նկատում է, որ Բուսայի նվիրվածությունը Թրամփին այնքան մեծ է, որ նա նախագահին երկրպագելու ցանկությունից հետ չի կանգնել նույնիսկ այն ժամանակ, երբ ծնողները նեղացած հեռացել են տնից: Նրա ընտանիքի մյուս անդամները չեն ընդունում Բուսայի հավատքն ու ցանկանում են տղամարդուն տանել հոգեբանի մոտ:
«Ընտանիքս ու համագյուղացիներս ինձ խենթ են անվանում: Բայց ես հոգեբանի կարիք չունեմ, քանի որ Թրամփն իմ Աստվածն է, նա իմ սրտում է: Ես նրան շատ եմ սիրում ու երկրպագում եմ նրան»,- խոստովանել է հնդիկը:
Հետաքրքրական է, որ Բուսան Թրամփի պատկերը միշտ իր հետ է ման տալիս, որպեսզի կարողանա ցանկացած վայրում ու ցանկացած ժամի երկրպագել նրան:
Այժմ Բուսան մտադիր է Թրամփի երկրպագության համար տաճար կառուցել: Նրա հաշվարկով՝ տաճարը կկառուցվի կես տարում: