Կառավարման նոր համակարգի հետ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը չի փոխվի․ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ կառավարման համակարգի փոփոխության հետ երկրի արտաքին քաղաքականությունն առանձնակի փոփոխությունների չի ենթարկվի, գրում է «Բիրգյուն» պարբերականը։
«Մենք անցել ենք կառավարման նոր համակարգի։ Արտաքին քաղաքականության մեջ մեր սկզբունքները չեն փոխվի, այդպիսի իրավիճակ չկա, որ ամեն բան ծայրաստիճան փոխվի», - ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ իրենք նպատակ ունեն ամրապնդել Եվրամիության հետ հարաբերությունները, և շեշտել է, որ Թուրքիայի համար սխալ կլինի «մեջք դարձնել ԵՄ-ին»։
Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է ժողովրդավարական որոշ բարեփոխումների իրականացման, ըստ նրա՝ արտակարգ դրության ռեժիմի չեղարկումն արդեն մեծ քայլ էր։
«Սակայն սխալ կլինի, եթե ասենք, որ ամեն բան կախված է մեր քայլերից։ Կան երկրներ, որոնք անկախ ամեն ինչից՝ ջանք չեն խնայում, որ Թուրքիան ԵՄ անդամ չդառնա», - ասել է թուրք նախարարը։