Ոչինչ չի տա օրենքով ամրագրելը, որ կուսակցությունները նախընտրական փուլում կառավարության կազմ ներկայացնեն, 90%-ը չի ներկայացնի. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)
Ես դեմ չեմ, որ քաղաքական ուժերը գնան ընտրապայքարի՝ ներկայացնելով, թե ովքեր են լինելու կառավարության կազմում, բայց առաջանում է խնդիր:
Այս մասին խորհրդարանական քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկը:
«Այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է կառավարության կազմը, շահեկան վիճակում է հայտնվում է քաղաքական մյուս ուժերի նկատմամբ, ովքեր ասում են՝ դուք դեռ մեզ ընտրեք, հետո կասենք: Ինչո՞ւ չթողնել, որ գնա բնական սելեկցիա: Օրենքով ամրագրելը ոչինչ չի տա, որովհետև 90 տոկոսը չի ներկայացնի ստվերային կաբինետ, որովհետև չի ունենա այդքան ռեսուրս»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ եթե առաջարկը չընդունվի, ապա կուսակցությունները հանրությանը կներկայացվեն քաղաքական որոշումներ ընդունելու ունակությամբ չօժտված կառույցներով, ինչն անթույլատրելի է:
«Չի կարելի ընտրողին մոլորեցնել: Եթե խոստում ես տալիս, ապա պետք է ասես, թե ով է պատասխանատուն»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հարությունյանն ասաց, որ օրենսդրական նման պահանջ չի եղել, դրա համար էլ մինչ այս հանրությանը չեն ներկայացրել իրենց կառավարությունը, բայց ամրագրելու դեպքում կուսակցությունը «ստիպված կլինի ներկայացնել», բավական է, որ մի ուժ հնչեցնի անունները, մյուսներն էլ կգնան հետևից՝ մրցակցելու համար: