Թրամփը վտանգավոր խաղ է խաղում իր հակաիրանական հայտարարություններով. The Guardian
Մայիսից ի վեր, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից, Իրանի դեմ պատերազմի թմբուկների հարվածների ձայնն ավելի ու ավելի է բարձրանում: Սակայն կիրակի երեկոյան Twitter-ում Թրամփի սպառնալից գրառումներն Իրանի հասցեին կոնֆլիկտը նոր և վտանգավոր մակարդակի են հասցրել, գրում է Սիմոն Տիսդալը The Guardian-ում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում Իրանի թեմայով գրառում է արել՝ հայտարարելով, որ «ԱՄՆ-ին սպառնալու դեպքում Իրանը կտառապի հետևանքներից»:
Թրամփի հռետորաբանության սրացումը նախապես ծրագրված և մտածված չի թվում, նա, թերևս, այդկերպ փորձել է շեղել ուշադրությունն անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում կայացած հանդիպման վերաբերյալ իր հասցեին հնչող քննադատություններից:
Սխալ կլինի կարծել, թե Թրամփը պարզապես հայտարարություններ է անում Իրանի վերաբերյալ, ինչպես դա եղավ Հյուսիսային Կորեայի դեպքում: Թեհրանի նկատմամբ ճնշումը մեծացնելու առնչությամբ նրա վրա ազդում են Իրանի ոխերիմ թշնամիներ Սաուդյան Արաբիան և Իսրայելը: Հեղինակը նշում է, որ Իրանի շուրջ ԱՄՆ-ի կողմից աճող լարվածությունը նմանվում է Իրաքի ճգնաժամին նախորդած փուլին:
Թրամփի հայտարարություններից է՛լ ավելի լուրջ էին կիրակի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի արած հայտարարությունները: Պետքարտուղարը կրկնել է Իրանի վերաբերյալ քաջ հայտնի բողոքները, որ այն վտանգում է տարածաշրջանի կայունությունը և մտադիր է «տարածել Իսլամական հեղափոխությունն այլ երկրներ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ուժով»: Նա, սակայն, է՛լ ավելի հեռուն է գնացել՝ մեղադրելով բարձրաստիճան այաթոլլաներին, այդ թվում՝ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կոռուպցիայի համար, աջակցություն է առաջարկել երկրում ապստամբության համար և անձնապես հարձակվել է նախագահ Հասան Ռոհանիի և արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի վրա: Պոմպեոյի պնդումները, թե Ռոհանին և Զարիֆը «կատաղի իսլամիստ հեղափոխականներ» են, ցույց է տալիս, թե որքան անտեղյակ են ամերիկացի պաշտոնյաներն Իրանի մասին, գրում է հեղինակը:
Չափավոր առաջնորդների նկատմամբ իրենց քայլերով Թրամփն ու Պոմպեոն կարող են հրահրել արմատական մոլլաներին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ մոտեցնելով բռնի առճակատման հեռանկարը, գրում է Սիմոն Տիսդալը: