ԱՄՆ-ն 180 օր ժամանակ է տվել Թուրքիային, որպեսզի թուրքական ընկերությունները կտրեն կապն Իրանի հետ․ ամերիկացի պաշտոնյա
Եթե ԱՄՆ-ն սկսի պատժամիոջցներ կիրառել Իրանից նավթ գնող երկրների նկատմամբ՝ Թուրքիան, որպես Իրանի հարևան, այդ ամենից զերծ չի մնա, և այդ երկրի համար որևէ բացառություն չի արվի։ Այդ մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը՝ նշելով, որ թեմայի շուրջ բանակցելու համար ԱՄՆ-ից աշխատանքային խումբ է ժամանել Անկարա։
Ըստ լրատվամիջոցի՝ հանդիպումների ընթացքում ամերիկյան կողմը շեշտել է, որ պատժամիջոցների կիրառման դեպքում Թուրքիայի համար բացառությունների դիմելու մասին խոսք գնալ չի կարող։
ԱՄՆ պետքարտուղարության ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բաժնի պետի օգնական Միշել Բիլլինգսլին, մեկնաբանելով Անկարայում անցկացված հանդիպումները, նշել է․ «Սա միայն առաջին հանդիպումն էր, կլինեն նաև նոր հանդիպումներ։ Մենք ժամանակ կորցնել չենք կարող, քանի որ լայնամասշտաբ նոր պատժամիջոցները կկիրառվեն արդեն օգոստոսի սկզբին»։
Ամերիկացի պաշտոնյան նաև կոչ է արել թուրքական մի շարք ընկերությունների բանակցությունների սեղանի շուրջ նստել Վաշինգտոնում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն 180 օր ժամանակ է տվել Թուրքիային, որպեսզի թուրքական ընկերությունները կամաց-կամաց կարողանան կտրել իրենց կապն Իրանի հետ։
«Գուցե Իրանը Թուրքիայի հարևանն է, սակայն նրանք դաշնակից կամ բարեկամ չեն։ Պետք չէ սխալներ գործել այս հարցում։ Մինչդեռ ԱՄՆ-ն Թուրքիայի համար և՛ բարեկամ երկիր է, և՛ դաշնակից։ Բացի այդ՝ մենք Թուրքիայի հետ խորը տնտեսական կապեր ունենք», - ասել է Բիլլինգսլին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունների՝ Իրանից նավթ չգնելու կոչին իրենք չեն ենթարկվի և հաշվի կնստեն միայն ՄԱԿ-ի համապատասխան որոշման հետ, եթե այդպիսին լինի։
Թուրքիան ավելի վաղ նաև քննադատել էր ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշումը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին: Թրամփը հայտարարել էր նաև բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, որոնց գործունեությունը դադարեցվել էր համաձայնագրի կնքումից հետո: