ԻՊ-ի կողմից առևանգված 3.500 եզդի կանայք շարունակում են մինչ օրս անհայտ կորած համարվել․ gazeteduvar.com.tr
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից առևանգված ավելի քան 3.500 եզդի կանայք շարունակում են մինչ օրս անհայտ կորած համարվել, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքի՝ Իրաքում ուսումնասիրություն անցկացրած թղթակից Հալե Գյոնուլթաշը։
Հայտնի է, որ ԻՊ-ից մինչ օրս փրկվել է շուրջ 3.000 եզդի կին․ նրանց գնել են ստրուկների շուկաներից կամ համացանցի միջոցով, ինչի շնորհիվ այս կանայք կարողացել են ազատություն ստանալ։ Սակայն շատերի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։
ԻՊ-ը եզդիաբնակ Շենգալ (Սինջար) շրջանի վրա հարձակվել է 2014 թվականի օգոստոսի 3-ին՝ հարևան Մոսուլը գրավելուց հետո։ ԻՊ-ի հարձակումից հետո տարածքի անվտանգության համար պատասխանատու քրդական «փեշմերգան», թողնելով զենքը, փախուստի դիմեց, ինչը հանգեցրեց տեղի բնակչության զանգվածային կոտորածի։ Շենգալի կենտրոնում ու հարակից գյուղերում տղամարդիկ սպանվեցին կամ բռնի կերպով կրոնափոխվեցին, կանայք ու երեխաներն առևանգվեցին։ ԻՊ-ի մոտ հայտնված կանայք նախ բերվել են Մոսուլ, իսկ հետո տարվել սիրիական Ռաքքա՝ վաճառքի հանվելով ստրուկների շուկայում։
Հայտնի է, որ ԻՊ-ից փրկված մոտ 25.000 եզդի ապաստանել է Թուրքիայում, նրանք այդտեղ են մնացել շուրջ երկու տարի, այնուհետև բռնել են Եվրոպայի ճանապարհը կամ նախընտրել են վերադառնալ Իրաք։
Ըստ Թուրքիայում գործող AFAD իրավապաշտպան կազմակերպության՝ ներկայում Թուրքիայում շարունակում է մնալ 2.500 եզդի ներգաղթյալ։
«Շուրջ 3.500 եզդի դեռ անհայտ կորած է համարվում։ Լավ, իսկ որտե՞ղ են նրանք»,- նշում է թղթակիցը՝ ներկայացնելով եզդիական համայնքների ներկայացուցիչների կարծիքը։
Ըստ եզդիներից շատերի՝ իրենց կորած հայրենակիցները դեռ ԻՊ-ի ձեռքում են և գտնվում են այն շրջաններում, որտեղ մինչ օրս կենտրոնացված են մնում ԻՊ զինյալները։ Թեև եզդիները փաստում են, որ այժմ արդեն հաճախ չեն լսում կանանց վաճառքի մասին, սական նրանց առավելապես մտահոգում է եզդի երեխաների ճակատագիրը, որոնց կրոնափոխում ու դաստիարակում են որպես իսլամիստ ջիհադականներ։