«Զգուշացի՛ր». Իրանի արտգործնախարարը սպառնացել է Թրամփին
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը պատասխանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրերս Twitter-ում Իրանի դեմ ուղղված գրառմանը՝ ԱՄՆ նախագահին կոչ անելով զգուշանալ:
Հայտնի է, որ Զարիֆն իր պաշտոնական թվիթերյան էջում նշել է, որ Թրամփի հայտարարությունն իրենց ամենևին էլ չի տպավորել:
«Դա մեզ ամենևին էլ չի տպավորել: Մենք հազարամյակների պատմություն ունենք ու դարձել ենք բազմաթիվ կայսրությունների՝ այդ թվում նաև մեր կայսրության անկման ականատեսը: Մեր կայսրությունը շատ ավելի երկար կյանք է ունեցել, քան մի շարք երկրներ: Զգուշացի՛ր»,-գրել է Իրանի արտգործնախարարը:
Բացի այդ, պաշտոնյան նշել է, որ Թրամփը չի համարձակվի հարձակվել Իրանի վրա:
Սրանով Զարիֆը պատասխանել է Թրամփի գրառմանն այն մասին, որ «ԱՄՆ-ին սպառնալու դեպքում Իրանը կտառապի հետևանքներից»:
«Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ երբեք, այլևս երբեք չսպառնաք ԱՄՆ-ին, այլապես դուք տառապելու եք այնպիսի հետևանքներից, որոնք պատմության ընթացքում շատ քչերին են բաժին հասել: Մենք այլևս այն երկիրը չենք, որը կուլ կտա դաժանության և մահվան մասին ձեր խենթ խոսքերը: Զգուշացե՛ք»,-գրել էր ԱՄՆ նախագահը:
Մինչդեռ այս գրառմանը նախորդել էր ԱՄՆ նախագահին ուղղված Իրանի նախագահի կոչը՝ «առյուծի պոչի հետ չխաղալու վերաբերյալ»:
«Պարո՛ն Թրամփ, մի՛ խաղացեք առյուծի պոչի հետ, այլապես կզղջաք: Ամերիկան պետք է գիտակցի, որ Իրանի հետ խաղաղությունը բոլոր խաղաղությունների մայրն է, իսկ Իրանի հետ պատերազմը՝ բոլորը պատերազմների մայրը»,-նախազգուշացրել էր Ռոհանին:
Ռոհանիի ասածը հրապարակավ պատասխանն էր ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանն առ այն, որ Վաշինգտոնը կփորձի համոզել դաշնակիցներին ամբողջովին հրաժարվել իրանական նավթի գնումից և որ դա պետք է արվի մինչև նոյեմբերի սկիզբ:
Մինչդեռ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նշել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի դեմ, որը կշարունակի հակառակ ԱՄՆ-ի դիրքորոշման նավթ գնել Իրանից:
Պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղեկացրել է, որ Իրանի նավթային հատվածի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները կգործեն նոյեմբերի 4-ից: Այդ օրվանից սկսած իրանական նավթի գնումը կհամարվի պատժամիջոցների խախտում: