Հնարավոր է՝ սեպտեմբեր-հոկտեմբերին սահմանին լարվածության աճ լինի. Լևոն Մնացականյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչպես նախկինում, այժմ էլ շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել։
Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմի խախտումների քանակի կտրուկ անկում կա։ «Իրադրությունը կայուն, հանգիստ կարելի է գնահատել, բայց լարվածության միտումներով։ Նման հանգիստ իրավիճակ չի եղել, սակայն հնարավոր է լարվածության աճ սեպտեմբեր-հոկտեմբերին»,- ընդգծեց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվել, որ Ապրիլյան պատերազմի օրերին Պաշտպանության բանակին նվիրաբերված մեքենաները հայտնվել են ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող ավտոտնակում, Լևոն Մնացականյանն ասաց.
«Չգիտեմ՝ որտեղից ձեզ մոտ այդ վստահությունը, որ ՊԲ-ին հատկացված մեքենաները հայտնվել են Մանվել Գրիգորյանին մոտ: Նման բան չկա: Վերջերս էլ համացանցում եղել է, որ Աստրախան համայնքի բարերարներն են իրենց հանձնել այդ մեքենաները, որոնց մասին խոսում եք, և այդ նվիրատվության ընթացքում շեշտել են՝ տալիս ենք ԵԿՄ-ին և երիտասարդ թիմին, որ իրենց աշխատանքների կազմակերպման ընթացքում օգտվեն դրանցից»:
Լևոն Մնացականյանը հավելեց, որ Արցախի Պաշտպանության բանակին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են ԼՂ ՊԲ հաշվեկշռում: