Հայաստանի իշխանությունները երկրի ինքնիշխանության բարձրացման խնդիր ունեն. քաղաքագետ
Հայաստանի իշխանությունները երկրի սուվերենության բարձրացման խնդիր ունեն: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանաբնակ քաղաքագետ Կարինե Գևորգյանը:
«Հայաստանի իշխանությունների խնդիրը եղել ու մնում է ինքնիշխանության բարձրացումը: Որքան մեծ է պետության սուբյեկտիվության մակարդակը, այնքան խորն է կառուցվելու երկրի հարաբերությունները մնացած սուբյեկտների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ: Նոր ղեկավարության առաջ այդ խնդիրը ևս կա»,- ասաց Կ. Գևորգյանը:
Նա նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակվելուց հետո առաջին պաշտոնական այցը կատարել է Մոսկվա, հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը պատահական չէ:
«Տեսաք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվեց, դիվանագիտորեն նրա առաջին հանդիպումը Պուտինի հետ էր: Չեմ կարծում, թե նա խաբել է, երբ ասել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման կողմնակից է: Այլ հարց է, որ պետությունների միջև կա մրցակցություն, անհամաձայնություն, տարակարծություն որոշ հարցերի շուրջ, և դա նորմալ է»,- ասաց քաղաքագետը:
Կարինե Գևորգյանը խոսեց Փանիկում տեղի ունեցած միջադեպի մասին: Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե պատահակա՞ն էր, որ այդ միջադեպը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կայացած այցից հետո, քաղաքագետը պատասխանեց. «Որոշ փորձագետներ ասում են, թե ուսական ռազմաբազան ՌԴ-ին ռազմական տեսանկյունից պետք չէ: Գուցե ռազմական տեսանկյունից պետք չէ, բայց Ռուսաստանի ներկայացվածությունն աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ կարևոր է այս տարածաշրջանում: 2015թ. հետո, երբ ՌԴ-ն Ասադի հրավերով մտավ Սիրիա, ձևավորվեց «եռանկյունի», որտեղ են Ղրիմը, Լաթաքիան,Հայաստանը և երբ այդ եռանկյունուց մեկը դուրս գա, Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը: Ուստի Հայաստանում տեղակայված ռազմաբազան հնարավորություն է տալիս վերահսկելու իրավիճակն ու ցանկացած գործողություն այս տարածքում»:
Նա շեշտեց՝ Ռուսաստանի ներկայացվածությունը կարևոր է առաջին հերթին հենց ՌԴ-ի համար:
Կարինե Գևորգյանն ասաց, որ ինքը չգիտի՝ ռուսական կողմը իսկապես զգուշացրե՞լ է Հայաստանին, որ ուսումնական վարժանքներ է իրականացնելու, թե ոչ, բայց նշեց. «Ես չգիտեմ՝ զգուշացրել են ռուսական զինվորականները հայկական կողմին, թե ոչ: Նրանք պնդում են, որ զգուշացրել են: Ես չեմ բացառում, որ իշխանության փոփոխությունից հետո առաջանա որոշակի «տորբուլենտնոստ» և գնացող ու եկող թիմերի միջև սուր կերպով արտահայտվի, դրսևորվի դա այսպես: Փաստի իմաստով ամեն ինչ չէ, որ համահունչ է: Եթե սա ինտրիգ է եղել՝ հակափաշինյանական է եղել»: