ԱԺ–ում քննարկվում է Ընտրական օրենսգիրքը. ուղիղ
Ազգային ժողովում շարունակվում են Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստի քննարկումները, որոնք այսօր ևս ծավալվելու են ընտրակարգի շուրջ:
Ընտրակարգի մասով «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է 100 տոկոսանոց փակ, իսկ ՀՅԴ-ն, հակառակը՝ 100% համամասնական բաց ցուցակներ: Այսինքն՝ վերացնել ընտրությունների անցկացման գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, անցում կատարել ընտրությունների՝ բաց ցանկերով համապետական համամասնական ընտրակարգին:
Ինչ վերաբերում է ՀՀԿ առաջարկներին, ապա մյուս խմբակցությունները հայտարարեցին, որ դա նախկին ռեյտինգային ընտրակարգի մոդիֆիկացված տարբերակն է, որն ընդունելի չէ:
Հիշեցնենք, որ ԱԺ 4 խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից՝ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը և Վիգեն Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը և Գևորգ Պետրոսյանը, «Ելք» խմբակցությունից՝ Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը և Գրիգորի Դոխոյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունից՝ Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը և Լուսինե Հովհաննիսյանը: