Լարված կրքեր Թուրքիայի Մեջլիսում․ խորհրդարանում իրար են ծեծել քրդամետներն ու իշխող կուսակցության անդամները (տեսանյութ)
Թուրքիայի խորհրդարանում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս անգամ կռվել են քրդամետ Ժողովրդադեմոկրատական ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունների անդամները: Կռվի պատճառը քրդամետ պատգամավոր Ահմեդ Շըքի ելույթն էր, որում նա իշխանություններին մեղադրել է ստի, անպատկառության, կոռուպցիայի ու տգիտության համար։
Ինչպես գրում է թուրքական T24 կայքը, քրդամետ կուսակցության՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր Շըքը, որն ամիսներ առաջ է դուրս եկել բանտից, մեջլիսի ամբիոնից քննադատել է իշխող կուսակցության կողմից առաջարկված ահաբեկչության դեմ պայքարի կանոնակարգի փոփոխության մասին օրենքի նախագիծը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ նման օրենքով իշխանությունները փաստացի ցանկանում են պահպանել արտակարգ դրության ռեժիմի ժամանակ ունեցած ճնշման լծակները: Բացի այդ, դրանով նրանք ցույց են տալիս, որ ընտրություններից հետո արտակարգ դրության ռեժիմի չեղարկումն իրականում խաբկանք էր։
Շըքի կողմից իշխանությունների հասցեին վիրավորական արտահայտություններից հետո իրավիճակը խորհրդարանում լարվել է, իշխող կուսակցության անդամները վեր են կացել ու քայլել դեպի ամբիոն՝ փորձելով հարվածել Շըքին։
Սկսված քաշքշուկից հետո Մեջլիսի նախագահը ստիպված է եղել 10 րոպե ընդմիջում հայտարարել, որից հետո խորհրդարանի մեծամասնության կողմից հաստատվել է Ահմեդ Շըքին հետագա երկու խորհրդարանական նիստերին մասնակցելու իրավունքից զրկելու որոշումը։