Ամերիկյան վերլուծաբանները տարբեր կերպ են գնահատում Փաշինյանի մոտեցումը ղարաբաղյան հարցում
Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան նախկին դիվանագետները տարբեր կերպ են գնահատում, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը»:
«Ցանկացած նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ վերջնական մոտեցումները շտկելու համար», - ասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն և հիշեցնում՝ բանակցություններում ղարաբաղյան կողմի ներգրավման մասին Երևանի մոտեցումը նոր չէ: Դեռևս Քավանոյի համանախագահության տարիներին միջնորդները հանդիպումներ էին անցկացնում նաև Ստեփանակերտում:
«Զարմացած չեմ, որ բարձրացնում է այդ հարցը, համոզված չեմ, թե դա ինչի կբերի, սակայն, արմատական փոփոխություններ չէի սպասի»,– ասում է նա:
Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթն ընդհանրապես ղարաբաղյան կարգավորումը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքի շրջանակներում. «Իմ համոզմամբ, էթնիկ հայկական բնակչության կարիքները կարելի է ապահովել այդ տարածքն Ադրբեջանի կազմում ճանաչելով»:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հերբսթը բացասական է գնահատում. «Վարչապետն օգտագործեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը որպես գործիք՝ իր աջակցությունն ավելացնելու նպատակով»:
Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կազլարիչն այլ կարծիքի է: Առաջին հերթին անհրաժեշտ է բացառել խնդրի ռազմական լուծումը և այդ ուղղությամբ բոլոր քայլերը դրական են, նշում է նա։
«Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է առաջին հերթին մտահոգվել հակամարտության շրջանում զենքերի ավելացման, ռազմական հռետորաբանությամբ, որն առաջին հերթին հնչում է Ադրբեջանից, սակայն, երբեմն նաև Հայաստանից: Անհրաժեշտ է ամեն կերպ բացառել չնախատեսված հետևանքներով հնարավոր բախումները»,– ասում է նա