Ստուգումներ են լինելու պետական բուհերում, ԵՊՀ-ում. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
ՀՀ պետական վերահսկողության ծառայությունն իր առաջին ստուգումներն սկսելու է բուհերից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նա նշեց, թե չի կարող ասել՝ կոնկրետ որ բուհից են սկսկելու առաջին ստուգումը:
«Մեծ պատասխանատվություն ունեմ, որպեսզի իմ պաշտոնավարման ընթացքում հասնեմ նրան, որ վերջում ասեմ՝ հաջողություն կոռուպցիա, դու այլևս չկաս: Քանի որ հեղափոխության հիմնական շարժը ուսանողներն էին, ես կարող եմ վստահ ասել, որ առաջիններից մեկը լինելու են պետական բուհերը, պետական համալսարանը, բայց չեմ ասի, թե որն է լինելու առաջինը»,- ասաց Սանասարյանը:
Դավիթ Սանասարյանը նշել է, որոշումը կկայացվի վարչապետի հետ:
Հիշեցնենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության` «ԵՊՀ Ռեստարտ»-ն հայտարարություն էր տարածել, որով ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ էր անում երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին դասադուլ և գործադուլ սկսել` պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, Հոգաբարձուների խորհրդի լուծարումը, Ֆինանսական աուդիտի անցկացումը, ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցումը:
Tert.am-ի խնդրանքով անդրադառնալով այդ պահանջների Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել էր, «հրաժարականի մասին խոսելն այսօր անիմաստ է, ես հրաժարական չեմ պատրաստվում տալ ինչ-որ բախտախնդիր մարդկանց պահանջով: Մնացած հարցերի պատասխանները կստանաք վաղը»: