Սովորական համամասնական ընտրակարգ է լինելու, երբ ընտրողը ձայնը տալիս է կուսակցությանը, այս հարցում կոնսենսուս կա. Դանիել Իոաննիսյան
Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումները շարունակվում են. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացի» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նա ասաց, որ հանդիպել են սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:
«Հաշմանդամների հետ կապված քննարկել ենք ընտրատեղամասերի մատչելիության հարցը, քննարկել ենք այն հարցը, թե ինչպես անել, որ վատ տեսողությամբ անձինք կարողանալ մասնակցել ընտրություններին, քվեարկեն, բայց օգնողների ինստիտուտը չչարաշահվի, ովքեր կարող են ինքնուրույն քննարկել, քննարկեն և նախորդ ընտրությունների պես այս խնդիրը չչարաշահվի: Իսկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ քննարկել ենք իրենց ընտրության հարցը: Նրանք կարծում են, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընտրության դրույթները փոփոխության ենթակա են»,- մանրամասնեց Դանիել Իոաննիսյանը:
Համակարգողն ասաց, որ այս ընթացքում հանդիպել են Հայ Ազգային կոնգրես, «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունների և «Ծառուկյան» դաշինքի հետ:
Ամփոփելով այդ ուժերի դիրքորոշումները` Դանիել Իոաննիսյանը նշեց, որ բոլոր կարգավորումների հետ կապված կա համաձայնության մթնոլորտ:
«Սովորական համամասնական ընտրակարգ է լինելու: Խոսքն այն մասին է, երբ ընտրողը ձայնը տալիս է կուսակցությանը: Սա պարզ ու հասկանալի ընտրակարգ է: Այս հարցում կոնսենսուս կա: Գոնե այն ուժերի մակարդակով, այն ՀԿ-ների մակարդակով, ում հետ հանդիպել ենք, համաձայնություն կա: Համաձայնություն կա նաև բազմաթիվ այլ կարգավորումների հարցով՝ կապված նախընտրական քարոզչության, տեղամասերում վերահսկողության, կրկնաքվեարկությունների կանխելու և այլնի շուրջ»,- նշեց նա:
Իոաննիսյանը հայտնեց, որ նախորդ ընտրություններում ներմուծված որոշակի երևույթներ, օրինակ` ընտրողների ցուցակների հրապարակումը, կշարունակեն գործեն, բայց «ավելի լավ տարբերակով»:
Ինչ վերաբերում է ընտրողների իդենտիֆիկացիային՝ մատնահետքերով քվեարկությանը, ապա Դանիել Իոաննիսյանը նշեց, որ դրա հետ կապված խնդիրը կա:
«Եթե մենք ուզում ենք, որ քվեարկությունն անցնի ընտրողների մատնահետքերի միջոցով, ապա մինչև ընտրությունները պետք է սկսենք հավաքագրել մատնահետքերը: Սա ժամանակատար է: Մատնահետք վերցնելու մեթոդը ID քարտ ստանալն է: Ներկայումս ID քարտ ունեցողների միայն մի մասն է 10 մատնահետք հանձնել: Նրանք, ովքեր ID են ստացել ավելի վաղ, մոտ 600,000-ը, հանձնել են միայն ցուցամատերը: Բացի այդ, խնդիր կա նաև ոստիկանությունում: ID քարտ տրամադրող լեհական ընկերությունը փոփոխվման փուլում է և ներկայումս ID-ների տրամադրման դեֆիցիտ կա, եթե ուզեք ID ստանալ, ոստիկանության անձնագրային բաժինը կհորդորի ավելի ուշ մոտենալ»,- շեշտեց Դանիել Իոաննիսյանը:
Այնուամենայնիվ, նրա խոսքով, եթե քաղաքական ուժերի կողմից խոչընդոտներ չհարուցվեն, ապա գոնե մինչև հունիսի 20-ը կներկայացվի ընտրական օրենսգրքի նոր նախագիծ:
Նա ասաց, որ ձեռքբերվել է պայմանավորվածություն առաջիկայում հանդիպել ՀՅԴ ու ՕԵԿ-ի հետ և միայն Հանրապետականն է, որ դեռևս չի արձագանքում:
Հարցին՝ եթե ՀՀԿ-ն մասնակցի քննարկումներին, բայց այդպես էլ համաձայնության չգա այն դիրքորոշման հետ, որին կողմնակից է քաղաքական ու հասարակական ուժերի մեծ մասը, ինչպե՞ս է լուծվելու խնդիրը, Իոաննիսյանը պատասխանեց. «ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ ամեն դեպքում պետք է քվեարկեն, որ ընտրական օրենսգիրքը ընդունվի: Թե ո՞րն է ՀՀԿ-ին համոզելու ճանապարհը, ես չգիտեմ, դա իմ ֆունկցիան չի: Ես կարող եմ ասել միայն այն, որ պետք է ֆիքսվի, որ տեղի ունեցածը իրենց կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի արդյունքում էր, որ հենց այդ պատճառով մենք ձևավորեցինք խորհրդարան, որը չէր արտահայտում հանրության տեսակետը և մարդիկ ստիպված փողոց էին փակում»:
Ըստ նրա՝ իրենք զգում են, որ հանրությունը ճնշում է գործադրում ՀՀԿ վրա: