Երևանի վարչական շրջաններում ամբողջ օրվա ընթացքում կազմակերպվել են տոնական միջոցառումներ
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների այգիներում, պուրակներում, հրապարակներում և այլ հանրային վայրերում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել են տարատեսակ միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև մշակութային կենտրոնների սաները հանդես են եկել երաժշտական համարներով, իսկ սպորտային դպրոցների սաները մայրաքաղաքի տարբեր հատվածներում անց են կացրել ընկերական մրցամարտեր և խաղեր:
Մի շարք վարչական շրջաններում միջոցառումների մասնակիցներին և անցորդներին անակնկալներ են մատուցվել ֆլեշմոբերի տեսքով:
Օրվա ընթացքում միջոցառումներ են կազմակերպվել նաև մանուկների համար, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես փոքրիկների, այնպես էլ նրանց ծնողների մոտ:
Տոնական տրամադրությունը ամբողջացրել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված բազմաժանր համերգային ծրագրերը՝ սիրված երգիչ-երգչուհիների, պարային խմբերի և երաժիշտների մասնակցությամբ: