Եկել է պահը, որ ոչ միայն սփյուռքահայը լինի ՀՀ-ի կողքին, այլև ՀՀ-ն աջակցի, սատարի Սփյուռքում բնակվող իր հայրենակիցներին. Սփյուռքի նախարար
Եկել է պահը, որ ոչ միայն սփյուռքահայը լինի ՀՀ-ի կողքին, այլև ՀՀ-ը աջակցի, սատարի Սփյուռքում բնակվող իր հայրենակիցներին՝ ջերմ ու հոգատարության մթնոլորտ ստեղծելով իր հայրենակիցների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սփյուռքի նախարար, ՔՊ անդամ Մխիթար Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է այն գնահատականներին, որ Սփյուռքը դիտարկվում է ավելի շատ ներդրումների, գումարներ փոխանցելու աղբյուր, և այդ կարծրատիպի մասին խոսք գնաց նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստի ժամանակ, նախարարն ասաց, որ իրենք չեն դիտարկում Սփյուռքին միայն գումար ուղարկող, ներդրում անող, այլ որպես միասին աշխատող, օրակարգ քննարկող:
«Մենք ընկալում ենք, որ հարկավոր է բացի ֆինանսական, տնտեսական ներուժից, մտավոր մասնագիտական ներուժի կենտրոնացում կամ առնվազն դրա օգտագործում համահայկական ազգային խնդիրների լուծման հարցերում»,- ասաց նա:
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ նախկին իշխանությունների գործունեության օրոք ձևավորված այդ մտայնությունը տրամաբանական է և ունի հիմք: «Սակայն մենք գալիս ենք դա կոտրելու, բոլորովին նոր ձևաչափով, բոլորովին նոր վերաբերմունքով, որովհետև նոր կառավարությունը և Հայաստանի նոր հանրապետությունը բոլորովին նոր վերաբերմունք է փորձում ցուցաբերել Սփյուռքի մեր հայրենակիցների, համայնքների, կառույցների, երիտասարդության նկատմամբ, սա կարևորագույն խնդիրներից մեկն է, որ մենք մեր առաջ դրել ենք»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի արձագանք է ստացել իր նշանակումը Սփյուռքի կառույցների, բարերարների կողմից, Սփյուռքի նախարարն ասաց, որ կան և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ, ինչը շատ նորմալ է համարում: «Բացասականը բացառապես կապված էր իմ տարիքի հետ: Ես ընդամենը կարող եմ ասել, որ փարատելու եմ բոլոր մտահոգությունները»,- ասաց: