Իտալիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 9-ին. ԶԼՄ-ներ
Իտալիայի խորհրդարանում արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ արդեն սեպտեմբերին: Նման ենթադրությամբ է հանդես եկել իտալական Corriere della Sera թերթը՝ վերլուծելով երկրում մարտի 4-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամը: Թերթը, մասնավորապես, նշում է, որ ընտրություններն ըստ երևույթին կկայանան սեպտեմբերի երկրորդ կիրակին՝ սեպտեմբերի 9-ին:
Կիրակի վերջնականապես տապալվել է «5 աստղի» շարժում» և «Լիգա» կուսակցությունների կողմից կոալիցիոն կառավարությունը ձևավորելու փորձը: Վերջինի առաջնորդ Մատեո Սալվինին պնդում է նոր ընտրությունների շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը:
«Իտալացիները պետք է ընտրեն ազատ Իտալիայի և ուրիշներին ծառայող Իտալիայի միջև: Այսօր Իտալիան ազատ երկիր չէ, այն գրավել են գերմանացիները, ֆրանսիացիները և Բրյուսելի բյուրոկրատները»,- ասել է Սալվինին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իտալիայի վարչապետի պաշտոնակատար Ջուզեպպե Կոնտեն հրաժարվել է գլխավորել երկրի կոալիցիոն կառավարությունը՝ հայտարարելով, որ նման պայմաններում չի կարող նոր կառավարություն ձևավորել: ԶԼՄ-ների տվյալներով՝ դա տեղի է ունեցել հանրապետության նախագահ Սերջո Մատարելայի հետ Կոնտեի կոնֆլիկտի պատճառով:
Նախագահը, մասնավորապես, չի հաստատել տնտեսագետ Պաոլո Սավոնայի թեկնածությունն էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնում՝ հայտարարելով, որ դա արել է եվրագոտուց Իտալիայի դուրս գալու անհրաժեշտության մասին նրա հայտարարությունների պատճառով:
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ներկայացուցիչ Կառլո Կոտարելիին երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել, որպեսզի վերջինս նոր կառավարություն ձևավորի, կարգուկանոն հաստատի քաղաքական դաշտում ու Իտալիան դուրս բերի սահմանադրական խառնաշփոթից: