ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ապաթուրայը շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«100 տարի առաջ ՆԱՏՕ-ի երեք ռազմավարական կարևոր գործընկերներն անկախություն ձեռք բերեցին: ՆԱՏՕ-ի անունից շնորհավորում եմ Հայաստանին՝ Անկախության հարյուրամյակի առթիվ»,- գրել է Ապաթուրայը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է նաև Ադրբեջանին և Վրաստանին՝ անկախության հարյուրամյակի առթիվ:
«Թույլ տվեք իմ շնորհավորանքներն ավելացնել Գլխավոր քարտուղարի շնորհավորանքներին»,- հավելել է Ապաթուրայը:
Այսօր Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը: Հարյուր տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: