Թուրքիայի նախագահի թեկնածուն նշել է, որ ընտրվելու դեպքում կհաշտվի Սիրիայի, Գերմանիայի ու ԱՄՆ-ի հետ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ ու երկխոսություն սկսել նրա հետ, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։
«Ինչո՞ւ չհանդիպեմ Ասադի հետ։ Չկա նման բան, որ ասենք «Մենք նեղացած ենք քեզնից»։ 4 մլն սիրիացի Թուրքիայում է շարունակելու ապրել, ու մենք Դամասկոսում Թուրքիայի դեսպան չե՞նք ունենալու։ Դա ճիշտ չէ։ Չկա մեկը, ում հետ ես չուզենամ հանդիպել», - ասել է Ինջեն։
Նա նաև հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում Թուրքիան «նորից կհաշտվի Սիրիայի, ԱՄՆ-ի ու Գերմանիայի հետ» և կառաջնորդվի աշխարհում ու սեփական երկրում խաղաղության պահպանման սկզբունքով։
«Մենք կարող ենք հաշտվել Գերմանիայի հետ։ Ոչ մի իմաստ չկա «Հե՛յ, Ամերիկա, հե՛յ Մերկել» բղավելով քաղաքականություն վարելու մեջ», - նշել է Ինջեն։