Նման «էքսպանսիոն գործողություններն» անխուսափելիորեն կհանգեցնեն պատասխան քայլերի. Կրեմլն արձագանքել է Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազա տեղակայելու պլաններին
Լեհաստանում ԱՄՆ ռազմաբազայի տեղակայումը Վարշավայի սուվերեն իրավունքն է, բայց դա կարժանանա Մոսկվայի պատասխան գործողություններին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նայած, թե ինչ բազա լինի: Ընդհանուր առմամբ, երբ մենք արձանագրում ենք մեր սահմանների ուղղությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կառուցվածքի աստիճանական ընդլայնում, դա, իհարկե, ոչ մի կերպ չի նպաստում մայրցամաքում անվտանգությանն ու կայունությանը»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ նման «էքսպանսիոն գործողություններն» անխուսափելիորեն կհանգեցնեն պատասխան քայլերի՝ «հավասարակշռության համար»:
Նա ընդգծել է, որ նման որոշումները ցանկացած երկրի ինքնիշխան գործն են: «Բայց մայրցամաքում անվտանգության ընդհանուր մթնոլորտի համար հետևանքներն ակնհայտ են»,- հավելել է Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վարշավան պատրաստ է մինչև 2 մլրդ դոլար վճարել Լեհաստանի տարածքում մշտական ամերիկյան ռազմաբազայի ստեղծման համար, ինչի մասին ասվում է երկրի պաշտպանության նախարարության փաստաթղթերում: