Ի սրտե շնորհավորում եմ. նախկին և ներկա պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Դավիթ Տոնոյանը ողջագուրվեցին
Սարդարապատում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը նախկին և ներկա պաշտպանության նախարարները կարճատև հանդիպում ունեցան: Սեյրան Օհանյանը ողջագուրվելով շնորհավորեց իր նախկին ենթակա փոխնախարար և ներկա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
«Ի սրտե շնորհավորում եմ, բարի ծառայություն»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Tert.am-ի հարցին, թե Սեյրան Օհանյանն ինչպե՞ս է գնահատում հայկական Զինված ուժերում տեղի ունեցած կադրային փոփոխություններին, նա պատասխանեց, որ այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրն է. «Նրանց կադրային քաղաքականությունն է, և ես, իհարկե, դրական եմ գնահատում և չեմ մեկնաբանում»:
Դիտարկմանը, թե նրա տեղակալն է դարձել նախարար, ինչպես է գնահատում, պատասխանեց. «Շատ, շատ լավ»:
Սեյրան Օհանյանը շնորհավորեց ողջ հայ ժողովրդին տոնի առիթով: «Սա մեր ժողովրդի իրական տոներից մեկն է, համաժողովրդական տոն է, որն այս տարի ամբողջացվեց այս մեր ժողովրդական զարթոնքով: Մեր պապերից եկած գեներն արտացոլվեցին արցախյան ազատամարտի ժամանակ, այնուհետև՝ 2016թ.-ին ապրիլյան պատերազմում, և իհարկե նաև այդ ամենն իր արտացոլանքը գտավ այս համաժողովրդական զարթոնքում, որը ապահովելու է մեր երկրի զարգացումը՝ ավելի արդար, ավելի ազնիվ և ավելի լավ մթնոլորտում»,-ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե Սեյրան Օհանյանին ակտիվ քաղաքականության մեջ կտեսնե՞նք, պատասխանեց, որ դեռևս կորոշի: