Նախընտրությունս այն է, որ արտահերթ ընտրություններին լինի մեկ համաժողովրդական ցուցակ. Րաֆֆի Հովհաննիսյան
Նախընտրությունս այն է, որ արտահերթ ընտրություններին լինի մեկ համաժողովրդական ցուցակ, որովհետև վտանգները մեր առջև են և պետք է ամրապնդենք այս ժողովրդական նվաճումները: Այս մասին այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով ակնկալվող ԱԺ արտահերթ ընտրություններին «Ժառանգության» մասնակցության հարցին:
«Իմ, որպես քաղաքացի, նախընտրությունն այն է, որ այս շարժումն սկսվեց որպես համաժողովրդական շարժում շարունակվի այդպես, և դա նաև վերաբերում է ապագա ցուցակների, խորհրդարանական և այլ տեսակի ընտրություններին: Չեմ ուզում, որ որևէ մեկը, ով այժմ գտնվում է իշխանության մեջ, ինքը դուրս մնա այդ համաժողովրդական շարժումից: Ես չեմ ուզում նահանջ արձանագրենք և նախորդ տարվա միջկուսակցական կռիվների նման լինի»,- նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ հակաժողովրդավարությունը էյֆորիան շարունակական կլինի և ինստիտուցիոնալացված պետական աշխատանք:
«Մենք մեծ սպասելիքներ ունենք, որ այս համաժողովրդական շարժումը շարունակություն կունենա, ինստիտուցիոնալ կդառնա և հույս ունեմ, որ այս համաժողովրդական շարժումը բոլոր առումներով՝ թե՛ կառավարման, թե՛ քաղաքացիների պատկանելիության պահով կմնա համաժողովրդական և չենք վերադառնա հին, կուսակցական փոքր խմբերին»,- ընդգծեց նա: