ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման շուրջ
Մայիսի 28-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրին` արտգործնախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ հետ ունեցած համակողմանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը նպատակադրված է առավել զարգացնել հայ-ամերիկյան բարեկամ գործընկերությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրիջիթ Բրինքը նախ շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա բարեմաղթանքներ է հղել Հայաստանի համար պատմական օրվա՝ առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի նոր վարչակազմի հետ համատեղ գործնական քայլեր ձեռնարկելու՝ միտված հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բարձրաստիճան հանդիպումները լավ առիթ են ընձեռում երկու բարեկամ երկրների հարաբերությունների օրակարգային հարցերին անդրադառնալու, փոխգործակցության առավել սերտացմանն ու խորացմանն ուղղված համատեղ քայլերը քննարկելու համար:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման վերաբերյալ: Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորվել է Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի և հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը:
Հատուկ անդրադարձ է կատարվել մշակութային ոլորտում իրականացվող նախաձեռնություններին` որպես հաջողված օրինակ բերելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի հետ համատեղ իրականացվող ծրագիրը` ուղղված Սմիթսոնյան ինստիտուտի Մշակութային փառատոնին Հայաստանի պատմամշակութային ժառանգության ներկայացմանը:
Հանդիպման օրակարգում էին նաև միջազզային և տարածաշրջանային մի շարք հարցեր:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԱՄՆ-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը։