Բոլոր ապօրինի հարստացածները կպատժվեն, մեր պայքարը լինելու է շարունակական և անզիջում. ԱԱԾ տնօրեն (տեսանյութ)
Բոլոր ապօրինի հաստացածները, կոռուպցիոն սխեմաներով աշխատողները, կոռումպացված պաշտոնյաները և, առհասարակ, օրինախախտները կպատժվեն: Մեր պայքարը լինելու է շարունակական և անզիջում: Այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ես, ինչպես որ հայտարարել էի, մենք չենք ունենալու ինչ-որ մի բան, որի արդյունքում հասարակության մեջ կամ ինչ-որ մի տեղ լինեն կասկածներ, որ մենք այս կամ այն գործողությունն արել են պատվերով կամ ինչ-որ այլ նպատակներ հետապնդելով: Մենք պետք է ունենանք հստակ ապացույցներ, և եթե լինեն այդ ապացույցները, միանշանակ բոլորը պատժվելու են»,-նշեց ԱԱԾ տնօրենը:
Արթուր Վանեցյանը նաև ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը հասնելու է մինչև այնտեղ, որտեղ կլինեն հստակ ապացույցներ և հստակ տվյալներ:
ԱԱԾ տնօրենը գործողությունների արդյունքում բերման ենթարկվածների հստակ թիվ չկարողացավ նշել, բայց ասաց, որ բավականաչափ բերման ենթարկվածներ կան և առաջիկա օրերին կշարունակվեն նմանատիպ գործողությունները այլ ոլորտներում, այլ անձանց հետ կապված:
Հարցին, թե բերման ենթարկվածներից ինչ-որ մեկի համար միջնորդություններ փորձե՞լ են անել այս ընթացքում, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ինձ ոչ մեկ չի միջնորդել: Կարծում եմ՝ նման բան ոչ մեկ իրեն թույլ չի տա»: