Լոռու մարզում բացվեց «ՍՄԱՐԹ» կրթական խոշոր կենտրոնը՝ և՛ փոքրերի, և՛ մեծահասակների համար (տեսանյութ, լուսանկարներ)
Լոռու մարզի Դեբետ համայնքում՝ Դսեղ և Դեբեդ գյուղերի խաչմերուկում մայիսի 27-ին բացվեց «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնը, որում շուրջ 5 մլն դոլարի ներդրում է արվել:
ՍՄԱՐԹ-ը տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոններից տարբերվելու է իր ծրագրերով, որտեղ սովորողների տարիքային սահմանափակում չի լինելու. այստեղ լինելու են լսարաններ ծնողների և մեծահասակների համար, ինչպես նաև սենյակներ փոքրերի համար:
Նախատեսվում է, որ առաջիկայում մոտակա 5 գյուղերից է երեխաներ հաճախելու կենտրոն, իսկ հաջորդ տարի արդեն գյուղերի թիվը կհասնի 15-ի:
«Ամենակարևորն այն է, որ կենտրոնը հասանելի է բոլոր աշակերտների համար, որոշ այլ կենտրոնների նման ծաղկաքաղ չեն անում տարբեր համայնքներից, այլ հավասար հնարավորություններ են ստեղծում բոլորի համար»,- ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
ՍՄԱՐԹ-ի կառույցը բաղկացած է երկու մասից՝ ՍՄԱՐԹ կենտրոն (2230քմ) եւ ՍՄԱՐԹ ավան (20 հա), որտեղ տեղակայված են սենյակներ՝ հյուրերի համար: Կենտրոնն ունենալու է համակարգչային սենյակ, ռոբոտաշինության, արհեստների ու արվեստների կենտրոն, առողջապահական կրթական կենտրոն ու մանկան զարգացման սենյակը: ՍՄԱՐԹ ծրագրերն ընդգրկում են նաեւ կոդավորում, ծրագրավորում, երաժշտական տեսահոլովակների ստեղծում:
Կենտրոնի կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել է ամերիկահայ ձեռներեց, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հիմնադիր Գարո Արմենը։
«Հայաստանի համայնքներում շատ տաղանդներ կան և 14 տարի առաջ, որ մենք սկսեցինք մեր գործունեությունը Արմավիրում, նշմարել էին, որ չափազանց տաղանդավոր երիտասարդներ կան և դրանից հետո ուզեցինք մեր գործերը տարածել Հայաստանի գյուղերի մեջ: Այդ նպատակով սկսվեց այս «ՍՄԱՐԹ» ծրագիրը»,- նշեց Գարո Արմենը։
Նրա խոսքով՝ հենց Դսեղ և Դեբեդ գյուղերի խաչմերուկում «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնը ստեղծելու հիմնական պատճառը հրաշալի բնությունն է և առողջ միջավայրը. «Մեծ քաղաքներում բոլոր գործերը առողջ չեն: Այս բնությունը տեսնում եք, ես էլ եմ ուզում այստեղ ապրել: Իմ երազանքն այն է, որ ես էլ այստեղ մնամ և այստեղ աշխատեմ»:
«Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հաջորդ քայլը լինելու է կենտրոնի բարգավաճմանը նպաստելը, իսկ ավելի հեռահար նպատակներում է Հայաստանի տարբեր շրջաններում նվազագույնը 10 նմանատիպ կենտրոն ստեղծելու գաղափարը:
Մանրամասները՝ տեսանյութում: