Իրանի մասնավոր հատվածը կարող է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի մասնավոր հատվածը կարող է որպես հնարավորություն օգտագործել ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ տնտեսության զարգացման համար: Այդ մասին ասված է Իրանի նախագահի կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե մենք միասին լինենք, ցանկացած պատժամիջոց կվերածենք բարենպաստ հնարավորության»,- հայտարարել է Ռոհանին:
Երկրի նախագահի խոսքով՝ Իրանի մասնավոր հատվածը կարող է դիմակայել պատժամիջոցներին և բարենպաստ հնարավորություններ ստեղծել տնտեսության համար:
Ռոհանին հավելել է, որ մասնավոր հատվածը պետք է քայլ անի դեպի արտահանման ուղղությամբ կենտրոնացում: Պետք է աջակցել օտարերկրյա ներդրումներին և ազգային արտահանմանը, նշել է նախագահը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս 2015 թվականին միջազգային «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան) և Իրանի միջև կնքված միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից:
Թրամփը նաև հայտարարել է բոլոր պատժամիջոցների՝ այդ թվում երկրորդական, վերականգնման մասին, որոնց գործողությունները դադարեցվել էին ձեռք բերված գործարքի արդյունքում: